Սոկոլով. Աշխատում ենք դյուրացնել ՌԴ-ից ՀՀ Վերին Լարսով բեռնափոխադրումները![]() 14 հոկտեմբերի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև գործակցության դինամիկան պետք է մեծանա, իսկ առկա կապերը՝ խորանան: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ նշելով, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես միջպետական հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանի համար առևտրատնտեսական ոլորտում խոշոր գործընկերը Ռուսաստանն է, ու մենք մտադիր ենք առաջիկայում էլ ավելի մեծ տեղ տալ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: ՌԴ-ն հիմնական ինվեստորն է Հայաստանի տնտեսության համար, որն արդեն իսկ կազմել է չորս միլիարդ ԱՄՆ դոլար»,- նշել է նա, մեջբերում է Tert.am-ը: Սոկոլովը հայտնել է նաև, որ տարվում են աշխատանքներ Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով, բեռնափոխադրումները հեշտացված կարգով իրականացնելու ուղղությամբ: «Մենք ակտիվ գործակցում ենք նաև միասնական տրանսպորտային քաղաքականության, բաց երկնքի հաստատման ուղղությամբ»,- ավելացրել է նախարարը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը Հայ-ռուսական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Խորը մտահոգություն հայտնելով դեպքի հետ կապված՝ կառավարության ղեկավարը նշել է, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին արագ արձագանքի, տեղում ցուցաբերվող աջակցության համար: Սոկոլովը ՌԴ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին և մանրամասներ ներկայացրել իրավիճակի և տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ: ՌԴ տրանսպորտի նախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ վթարի հանգամանքները պարզելու նպատակով այնտեղ է գործուղվել նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները: Կառավարության ղեկավարն ընդգծել է երկկողմ գործակցության բարձր մակարդակը և կարևորել Մաքսիմ Սոկոլովի անձնական մասնակցությունն ու ներդրումն այդ գործում: Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգը հագեցած բնույթ է կրում, և առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գործակցության բարձր նշաձող, և առկա են անհրաժեշտ բոլոր հիմքերը՝ այն առավել զարգացնելու և սերտացնելու համար: Կողմերը երկարաժամկետ և հեռանկարային են համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, տրանսպորտային ենթակառուցվածքների և ներդրումային դաշտի զարգացման ուղղությամբ գործակցության ընդլայնումը և ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-ռուսական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թ. Հայաստանում: Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն տարանցիկ հաղորդակցության ուղիների վերականգնմանն ու զարգացմանը: Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |