Հոկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ համատեղ նիստը մեկնարկել է նեղ կազմով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Բացելով հանդիպումը` նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, անդամ պետությունների միջև գործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման, պաշտպանական բնագավառում փոխգործակցության խթանման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության բարձրացման, առումով։ Կազմակերպության նախագահության շրջանակներում մենք շարունակեցինք հետևողական քայլերը վերոհիշյալ ուղղություններով»:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչև օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է սիրիական ճգնաժամին և իրավիճակի կայունացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և միգրացիոն ճգնաժամին։
Նիստին անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին, ընդգծել այդ երկրում ահաբեկչության աճի սպառնալիքը Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության համար:
Համատեղ նիստին անդրադարձ է արվել նաև կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում գործակցության ակտիվացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:
Նախարարական համատեղ նիստին հավանություն է տրվել հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարության և այլն։ Ընդհանուր առմամբ համատեղ նիստին ստորագվել է մոտ երեք տասնյակ փաստաթուղթ։
Նիստի ավարտին ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվել է Բելառուսին։
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: