24 հոկտեմբերի 2016 - 17:11 AMT
Metro AG ընկերությունը հետաքրքրված է հայկական ապրանքներ վաճառելու մեջ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին:

Վարչապետը կարևորել է Metro AG-ի և հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջև համագործակցությունը և հետագա զարգացումը: Կարապետյանը հույս է հայտնել, որ Metro AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կան հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաև այլ շուկաներ:

Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորևն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: Metro AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում Metro AG ընկերության ներկայացուցչության ստեղծման հնարավորությանը:

Գերմանական մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերությունը ստեղծվել է 1996-ին՝ Metro Cash & Carry, Kaufhof Holding AG և Asko Deutsche Kaufhaus AG ընկերությունների միաձուլման արդյունքում: