«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականը

«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականը

PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` ժամանակին համընթաց, և կավարտվեն առնվազն 2030 թվականին: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հայլուր» լրատվականի մեջբերմամբ, ճանապարհի հյուսիսային կողմում արդեն բետոնացման աշխատանքներն են մեկնարկել և եղանակային պայմանների բարելավման դեպքում կիրականացվի մինչև 10 կիլոմետր շինարարություն: Թալին-Գյումրի հատվածում հողային և ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են իրականացվում: Նա նշել է, որ Եվրամիության TNT ցանցում «Հյուսիս-հարավը» ճանաչվել է մեր տարածաշրջանը Եվրոպային կապող հիմնական երակներից մեկը՝ հավելելով, որ մինչև հիմա արված ներդրումներն արդարացված են:

Անդրադառնալով ծրագրի հնարավոր դադարեցման մասին շրջանառվող լուրերին, Սարգսյանը նշել է՝ բացառվում է:

Խոսելով «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի մասին, ՏԿՏՏ առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել է, որ այդ ճանապարհահատվածը 60 կմ-ով կկրճատվի:

«Նախատեսում ենք խոշոր ենթակառուցվածքներով կրճատել ճանապարհը շուրջ 2,5-3 ժամով և արագությունը պահպանել 100 կմ/ժամ` երկու խոշոր թունելների կառուցման միջոցով»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ շինարարության ֆինանսավորմանը կմասնակցի նաև մասնավոր հատվածը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---