ԱՄՆ-ն հայտարարում է, որ Կոսովոն չի լինելու Սերբիայի մի մասը, Ռուսաստանն այդ հայտարարությանը համաձայն չէ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը համոզված է, որ Կոսովոն Բալկաններում վերջին խնդիրն է եւ որ նրա կարգավիճակի հարցը լուծելուց հետո իրավիճակը տարածաշրջանում կնորմալանա: «Ես եւ մի քանի եվրոպացի գործընկերներ համարում ենք, որ Ախտիսաարիի պլանը լավ հիմք է ստեղծել խնդրի լուծման համար: Կոսովոն հստակորեն արդեն չի լինի Սերբիայի կազմում: Մենք կշարունակենք աշխատանքը եւ կփորձենք արդյունավետ լուծում գտնել»,-հայտարարել է Ռայսը G 8-ի արտգործնախարարների մամլո ասուլիսում Պոտսդամում: Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ եւ ԱՄՆ դիրքորոշումներն այդ հարցի շուրջ տրամագծորեն հակադիր են: «Դեռեւս ես շանսեր չեմ տեսնում դիրքորոշումների մերձեցման համար»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Մեր արեւմտյան գործընկերներն ասում են, որ անհրաժեշտ է շտապ ճանաչել Կոսովոյի անկախությունը, քանի որ այլեւս հնարավոր չէ սպասել, իսկ մենք համոզված ենք, որ ցանկացած ճգնաժամ կարող է կարգավորվել միայն կողմերի միջեւ համաձայնության հիմքի վրա»,-հավելել էնա:



Լավրովը հույս է հայտնել, որ Կոսովոյի շուրջ բանակցությունները կշարունակվեն եւ որ Ռուսաստանը ստիպված չի լինի վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: «Մենք ցանկանում ենք գտնել այդ խնդրի կայուն եւ արդար լուծումը, հակառակ դեպքում Բալկանների վերջին խնդիրը առաջինը կդառնա ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի այլ մասերի խնդրիների շարքում: Մենք չենք ցանկանում մեզ վրա վերցնել այդ պատասխանատվությունը եւ չենք անի դա»,-ասել է նա ի պատասխան Ռայսին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Նշենք, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ հարցը խոչընդոտներից մեկն է ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում: Արեւմտյան երկրները սատարում են Սերբիայից Կոսովոյի գրեթե լիովին անկախությունը ճանաչող առաջարկին, պայմանով, որ այդ դեպքը նախադեպ չի լինի մյուս տարածաշրջանների համար: Մոսկվայում ասում են, որ այդ ծրագիրը կիրառելի չէ Կոսովոյի համար:



Ռուս ղեկավարները, այդ թվում Վլադիմիր Պուտինը հասկացրել են, որ կարող են գնալ Կոսովոյի անկախության ճանաչմանը, սակայն կդիտարկեն դա որպես նախադեպ, որն արդարացնում է նմանատիպ քայլերը նախկին ԽՍՀՄ տարածքի չճանաչված պետությունների համար: Այժմ, հավանաբար, Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը համաշխարհային առաջնորդները կքննարկեն Մեծ ութնյակի գագաթնաժողովում Հայլիհենդամում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---