Պոլսի Հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել. Նոր ընտրությունների համար թույլտվություն դեռ չկա

Պոլսի Հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել. Նոր ընտրությունների համար թույլտվություն դեռ չկա

PanARMENIAN.Net - Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին:

2008-ից ի վեր պատրիարք Մութաֆյանը անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ըստ եկեղեցական օրենքների՝ պատրիարքի 8 տարի փաստացի չպաշտոնավարման դեպքում խորհուրդը իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:

Հոկտեմբերի 26-ին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ժողովում քննարկվել է Մութաֆյանի առողջական վիճակը: Հիմնվելով բժշկական զեկույցների վրա՝ արձանագրվել է, որ պատրիարքի առողջական վիճակի բարելավման հավանականություն չկա, ուստի որոշում է կայացվել նրան պաշտոնաթող անել, «Ակօս» պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ մեկնաբանելով վերոնշյալ որոշումը, ասել է. «Թույլտվություն ստանալու համար դիմում կներկայացնենք: Սակայն հայտնի չէ, թե երբ կստանանք թույլտվությունը. դա կարող է մեկ կամ 3 ամիս տևել, կամ հնարավոր է՝ առհասարակ թույլտվություն չլինի: Իսկ քանի դեռ թույլտվություն չկա, ոչ ոք ոչինչ չի կարող անել»:

Չնայած Ստամբուլի հայ համայնքի՝ նոր առաջնորդ ընտրելու պահանջին նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Համայնքի մեծ մասը մեղմ ասած «չի ընդունում» պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ով վայելում է թուրքական իշխանության աջակցությունը:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---