Երևանում հոկտեմբերի 28-ին մեկնարկում է ReAnimania Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը։
«Շնորհավորում եմ բոլորին Անիմացիայի միջազգային օրվա կապակցությամբ։ Ամեն տարի այս օրը մենք բացում ենք փառատոնը, և Հայաստանում այսպես է նշվում միջազգային անիմացիայի տոնը։ Սա թվով 8-րդ ReAnimania-ն է, որն ունի բավականին մեծ և հաջող ծրագիր», - լրագրողներին ասել է փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին։
Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 3-ը։ Այն կբացվի «Կարմիր կրիա» ֆրանսիական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերայով, գրում է Նովոստի Արմենիա-ն։
Ներկայացված աշխատանքները կպայքարեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն դիպլոմային ֆիլմ», «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» և «Լիամետրաժ ֆիլմի լավագույն գաղափար» անվանակարգերում։
Փառատոնի հատուկ հյուրն է «Օսկարին» առաջադրված ռեժիսոր և անիմատոր Բիլ Փլիմփթոնը։
ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009-ին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։