Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և Սարի թաղի դեպքերի փաստերով հարուցված քրեական գործերից մի քանիսը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ՀՔԾ վարույթում քննվող գործերից 7 անձի վերաբերյալ քրեական գործերն անջատվել են մայր գործից և առանձին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական գործով մեղադրվողների մեծ մասը, ՀՔԾ պետի տեղակալի տեղեկություններով, կալանավորված են: Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է:
Թե ովքեր են մեղադրյալ անձինք և ընդհանրապես ովքեր են ներգրավված քրեական գործերում, Հովհաննիսյանը հրաժարվել է հայտնել, հաղորդում է Sputnik Արմենիան:
Լրագրողների դիտարկմանը, թե իրավապահ համակարգի որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, պաշտոնյան պատասխանել է. «Նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթ իրականացնող քննիչի թույլտվությամբ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ տվյալներ հայտնելուց, հավաստիացնում եմ՝ գործով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, դրանք կատարած անձանց շրջանակը պարզելու և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ»:
Հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: