4 նոյեմբերի 2016 - 15:05 AMT
Մոգերինին Անկարայում ԵՄ դեսպանների հավաք է հայտարարել քրդամետ պատգամավորների հարցով

ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների ձերբակալության կապակցությամբ և Անկարայում ԵՄ դեսպանների հավաք է հայտարարել:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

«Շատ եմ մտահոգված Դեմիրթաշի և խորհրդարանի այլ անդամների ձերբակալությամբ: Շփման մեջ եմ իշխանությունների հետ: Անկարայում ԵՄ դեսպանների հավաք եմ հայտարարել»,-գրել է Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում:

Հետաքննությունը Դեմիրթաշին որպես կասկածյալ է ներգրավել «Ժողովրդին օրենքներին չենթարկվելու կոչ անելու, Թուրքիայի Հանրապետության դատական օրգանները անարգելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեղադրանքով:

Հոկտեմբերի 27-ին բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշը ելույթում մասնավորապես ասել է. «Կատարվածը չենք ընդունելու որպես սովորական իրադարձություն: Մինչ այժմ միշտ վաղաժամ ընտրություններ ենք տեսել: Սրանից հետո վաղաժամ ընտրություններ չեն լինելու. Պայքարելու ենք մինչև քաղաքապետարանները վերադարձնեն մեզ: 81 նահանգում (Թուրքիայի-խմբ.) փողոց են դուրս գալու մեր բոլոր ընկերները: Հետքայլ չի լինելու»: