Իրաքյան բանակը 6 շրջան է ազատագրել Մոսուլի արևելքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Ազատագրված տարածքներում պարզվել են Իրաքի պետական դրոշները: Արդյունքում գրոհայինները ծանր կորուստներ են կրել, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
ԻՊ զինյալները նահանջել են հարավ` անցնելով Տիգրիսն ու Եփրատը: Նրանք գրոհել են Մոսուլից ոչ հեռու գտնվող Շերգաթ փոքր քաղաքը` գրավել են մզկիթն ու մի քանի տուն:
Իրաքի անվտանգության ուժերը պարետային ժամ են հայտարարել քաղաքում և աջակից ուժեր են ուղարկել զինվորականներին: Նշվում է, որ ահաբեկիչների գրոհի հետևանքով 7 զինծառայող է զոհվել:
Իրաքյան բանակի էլիտար ստորաբաժանումները նոյեմբերի 4-ի առավոտյան վերսկսել են հարձակումը ԻՊ դիրքերին Մոսուլի արևելքում:
Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:
Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: