Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խստիվ քննադատել է երկրի իշխանություններին քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների զանգվածային ձերբակալության համար:
«Թուրքիայում հիմա 1915-ի ապրիլի 24-ն է: Մեր երիտասարդությունը թույլ չի տա, որ բռնկվի ֆաշիզմի կրակը: Մենք չենք խոնարհի գլուխներս` ոչ բանտում, ոչ էլ դրսում»,-գրել է Փայլանը Twitter-ի իր էջում, հայտնում է «Sputnik-Արմենիան»:
Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Ավելի ուշ պատգամավորներից մեկն ազատ արձակվեց:
Նախկինում Թուրքիայի իշխանությունները բազմիցս են մեղադրել Ժողովրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: