8 նոյեմբերի 2016 - 17:56 AMT
Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունները համակարգողի անունը հայտնի է

Բելգիայի հատուկ ծառայությունները, որոնք հետաքննում են Փարիզում և Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների վերաբերյալ գործը, հաստատել են այդ գործողությունների ենթադրյալ համակարգողի ինքնությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Monde-ի վրա հղումով:

Նշվում է, որ «այդ խորհրդավոր համակարգողի անունն է Ուսամա Ահմադ Աթար` նա բելգիացի ջիհադական է, 32 տարեկան»:

Աթարը համակարգել է ահաբեկիչների գործողությունները Սիրիայից:

Ավելի վաղ ֆրանսիացի քննիչները նաև հայտնաբերել էին, որ «Աբու Ահմադ» անվան տակ թաքնվում է հենց Ուսամա Ահմադ Աթարը:

2015-ի ամռանը բելգիական մամուլն արդեն համարել էր Աթարին Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների «ուղեղը», սակայն, մանրամասներ չէր հայտնել նրա դերակատարության մասին: Այժմ քննիչները կարծում են, որ հենց նա է անդամագրել երկու իրաքցիներին, որոնք պայթեցրեցին մահապարտների գոտիները Փարիզի արվարձանում գտնվող մարզադաշտում: Ըստ պարբերականի, հենց Աթարին են ահաբեկիչները ներկայացրել իրենց ահաբեկչության ծրագրերը:

2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների 3 համակարգված խումբ մի շարք հարձակումներ գործեց Փարիզում և Սեն Դենիում: 130 մարդ զոհվեց, ավելի քան 350-ը վիրավորվեց: Մարտի 22-ի երեկոյան երկու պայթյուն որոտաց Բրյուսելի օդանավակայանում: 14 մարդ զոհվեց, ևս 100-ը վիրավորվեց: