11 նոյեմբերի 2016 - 14:27 AMT
ՔԿ. Գյումրիում ձերբակալված մայորը մեղադրվում է նոր զինգրքույկի համար կաշառք պահանջելու մեջ

ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ, մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն

2016-ի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով նոյեմբերի սկզբին դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա.Մարգարյանին: Ըստ քաղաքացու՝ Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը, որից հետո՝ 2016-ի նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա.Մարգարյանը ձերբակալվել է։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել էր Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:

Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել էին գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հայտնում է քննչական կոմիտեն։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: