12 նոյեմբերի 2016 - 15:36 AMT
Շավարշ Քոչարյան. Բաքվի կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում

Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում: Այս մասին նոյեմբերի 12-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողություններին, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից կրիգը չի իրականացվել և, ի հակառակ իր հաշվարկների, հայկական պետությունների պոտենցիալը շատ ավելի բարձր էր: Բաքվի նման գործողությունները միայն խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը և, հատկապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ադրբեջանի իշխանությունների նման կանխամտածված գործելաոճը ստատուս քվոին այլընտրանք չի թողնում, որից հաճախ բողոքում են հենց իրենք: Հակառակ դեպքում նրանք հնարավորություն կտային այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- մանրամասնել է Քոչարյանը:

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այն պետք է բաժանել երկու հարթակի. «Մեկը բուն բանակցություններն են՝ կապված կարգավորման հետ: Երկրորդը՝ բանակցություններ, որոնք ուղղված են զինադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Այսօր մենք խոսում ենք միայն երկրորդ հարթակի մասին, որովհետև, ինչպես բազմիցս ասել ենք, քանի կան կրակոցներ, սադրանքներ, խոսել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել, ուղղակի միամտություն է: Այդ տեսակետից այս վերջին սադրանքները ևս մեկ անգամ հուշում են, որ պետք է օր առաջ սկսել կյանքի կոչել Վիեննայի համաձայնությունները»:

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Համենայն դեպս խոսքը գնում է արտգործնախարարների հանդիպման մասին և եթե լինի էլ, այնտեղ էլ շեշտադրումը լինելու է հենց այն, ինչի մասին նոր ասացի»:

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: