ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպել է նաև Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքին:
Պաշտպանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա:
Բացի այդ, հանդիպման ընթացքում շեշտադրվել են ինչպես համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը:
Թաթոյանը հանդիպել է նաև Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը:
Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:
Հունիսի 27-ին Ժնևում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին:
Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դաժանությունների կոնկրետ օրինակները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ամբողջ իրավապաշտպան համակարգի համար:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել: