Հայաստանը կարևորում է երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի և խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ: Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ հանդիպմանը:
Նախագահը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ: Նա հավելել է, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս: Նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը:
Այդ համատեքստում, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ:
Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները» «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» հետ, որի անդամ է նաև Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ԵԽԽՎ-ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ-Գրեյնջերը կարևորել է Վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական և ակտիվ համագործակցությունը:
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։