Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ չի ունենա. Հայաստանը դեմ է եղել

Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ չի ունենա. Հայաստանը դեմ է եղել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 24-ի նիստի օրակարգից: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Փոխխոսնակի խոսքով, այդ հարցով նա նամակով դիմել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ պարզաբանելով հայկական պատվիրակության դիրքորոշումը:

«Նամակում, մասնավորապես, ընդգծել եմ, որ հայկական պատվիրակությունը հանդես է գալիս ՀԱՊԿ ԽՎ-ում Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու դեմ: Որպես մեր դիրքորոշման հիմնավորում՝ նշել եմ այն փաստը, որ Պակիստանը մինչ այժմ չի ճանաչել Հայաստանի անկախությունը»,- պարզաբանել է Շարմազանովը։

Ըստ նրա` Պակիստանը նաև միակողմանի կարգով աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ինչը հակասում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ՀԱՊԿ դիրքորոշմանը: «Այդ քաղաքականության դրսևորում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի օրերին Իսլամաբադի կողմից Բաքվի ռազմատենչ գործողություններին աջակցությունը»,- ասել է Շարմազանովը։

ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական կոմիտեի նիստում այդ նամակը քննարկվել է, և որոշում է կայացվել այդ հարցը չընդգրկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում:

Ավելի վաղ Պակիստանի առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը հայտարարել էր, որ Պակիստանը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:Նա ասել էր, որ Իսլամաբադն ուզում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել ԵՏՄ հետ՝ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ:2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում էր ուղարկել: ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, որ եթե ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, «Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Պակիստանի դիրքորոշմամբ Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---