Արցախցի 7 նկարչի և 2 քանդակագործի աշխատանքները՝ Թեքեյան կենտրոնում

Արցախցի 7 նկարչի և 2 քանդակագործի աշխատանքները՝ Թեքեյան կենտրոնում

PanARMENIAN.Net - Թեքեյան կենտրոնում բացվել է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարչի՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, և երկու քանդակագործի` Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի, թվով վաթսուն աշխատանքներ:

Ձեռնարկը, որն իրականացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, բարեգործական է. ցուցանմուշների վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ցուցահնդեսի մասնակիցներից, արվեստագետներ և արվեստասերներ:

Արցախցի երիտասարդներին Լոնդոնից ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը եւ հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական, կյանքի կոչելով մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ողջունելով նմանօրինակ ձեռնարկի կազմակերպումը, մասնավորապես նշել է. «Արցախի արվեստագետների ներկայացումը մեր իրականության մեջ բաց տեղ ունի. շատ դեպքերում հայաստանյան մշակույթն է ներկայացվում Արցախում, մինչդեռ հակառակը տեսնելու կարիքն ունենք: Այս միջոցառումն այդ իմաստով շատ կարեւոր է, եւ բացի այդ, ընտրված խորագիրը հստակ ընդգծում է ստեղծագործողների տեսակը` որպես անկախության սերնդի, եւ բնորոշում «ազատություն» գաղափարը երկու իմաստով` նախ ժողովրդի ու երկրի, երկրորդ` ստեղծագործական մտքի, քանզի արվեստում ազատությունն անփոխարինելի է»:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, շնորհավորելով հեղինակներին եւ միջոցառման կազմակերպիչներին, կարեւորեց համագործակցությունը Արցախի հետ եւ նշեց, որ քաղաքապետարանն իր հերթին մի շարք ծրագրեր է իրականացնում ԼՂՀ տարբեր վարչական շրջանների հետ` սերտացնելու մշակութային կապերը եւ ժամանակակից արվեստագետների համար համագործակցության հնարավորություններ ստեղծելու նպատակով:

Ինչպես «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն արվեստաբան Լուսինե Գասպարյանը նշեց, ցուցահանդեսը յուրօրինակ խորհուրդ ունի, քանզի մասնակիցներն այն արվեստագետներն են, ում անհոգ մանկությունն ու խաղը խափանվել են ռմբակոծությամբ, ովքեր պատերազմ են ապրել եւ հիմա յուրովի են նայում կյանքին: Սակայն չեն ընկճվել, հակառակը` կյանքն ավելի պայծառ գույներով են տեսնում. նրանց ստեղծագործությունները լցված են լույսով, հույսով ու հավատով:

«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---