Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: