ԱՄՆ Պետդեպի բյուջեով հատկացվող գումարը նպատակ ունի մեղմելու ՀՀ կախվածությունը ՌԴ-ից էներգետիկայի ոլորտում

ԱՄՆ Պետդեպի բյուջեով հատկացվող գումարը նպատակ ունի մեղմելու ՀՀ կախվածությունը ՌԴ-ից էներգետիկայի ոլորտում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի 2017թ. ֆինանսական տարվա բյուջեից պարզ է դառնում, որ ԱՊՀ երկրների թվում ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Մոլդովան, հայտնում է Life-ը ԱՄՆ Պետդեպի բյուջետային գրության վրա հղումով:

Վերջին 2 տարում այդ երկրներում ԱՄՆ դիվանագիտության աշխատանքի համար հատկացվող բյուջեն ավելացել է ավելի քան 1/3-ով: Այդ ծրագրով Հայաստանին կհատկացվի 26,4 մլն դոլար:

Տաջիկստանին կհատկացվի 41,6 մլն դոլար, Ղրղզստանին` 51,8 մլն դոլար, Մոլդովային` 59,1 մլն դոլար: Ավելի մեծ բյուջե է նախատեսված միայն Ուկրաինայի (294,9 մլն դոլար) և Վրաստանի (90,3 մլն դոլար) համար:

Ադրբեջանին հատկացվել է մոտ $13 մլն:

Հայաստանին հատկացվող գումարը հիմնականում նպատակ ունի մեղմելու ՀՀ կախվածությունը ՌԴ-ից էներգետիկայի ոլորտում: ԱՄՆ-ն խոստանում է աջակցել այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը: Պետդեպի բյուջեի գրության մեջ ասվում է, որ «անվտանգության նկատառումներով» մտահոգիչ է 1977-ին կառուցված ՀԱԷԿ-ը, քանի որ կայանը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում: Այնուամենայնիվ, Պետդեպը $2,5 մլն է հատկացրել կայանի աշխատանքի ապահովման և անվտանգության համար:

Նպատակ է դրված նաև օգնել Հայաստանին ազատվել ռուսական գազից ունեցած կախվածությունից:

2016-ի նոյեմբերի ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում մինչև 2020թ. 200 ՄՎտ հզորության հողմակայաններ կկառաուցվեն, ինչի համար $200–300 մլն է հարկավոր:

Հայաստանի մասով հիմնական խնդիրների թվում նշված է նաև բնակչության արտագաղթը Ռուսաստան աղքատ գյուղական շրջաններից, որի հետևանքով կախվածություն է առաջանում ՌԴ-ից դրամական փոխանցումների առումով: Ուստի ԱՄՆ-ն գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման ծրագրեր է առաջարկում:

Գյուղատնտեսության համար կարևոր Արարատյան դաշտավայրում գրունտային ջրերի պահպանման ծրագրից բացի (USAID-ի ծրագիրը մեկնարկել է 2016-ի սկզբին), նախատեսվում է օգնել հայերին գործարար կապեր հաստատել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն դիվանագիտական ջանքեր կգործադրի կարգավորման համար. նշվում է, որ այդպիսի «հաշտեցումը կթուլացնի ՀՀ վրա Ռուսաստանի ազդեցության լծակները»: Հաշտեցնող ՈԿԿ-ներին, որոնք համատեղ միջոցառումներ կկազմակերպեն, տարբեր դրամաշնորհներ կտրվեն:

Ռազմական ոլորտում նախատեսվում է բարելավել հայկական բանակի մարտական ու բժշկական ստորաբաժանումները, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին, «առաջ տանել արևմտյան արժեքներն ու երկարաժամկետ ռազմական գործակցություն հաստատել` արդյունքում նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից»: Բերվում են նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն ռազմական պատրաստության ամերիկյան դասընթացների մասնակցած զինվորականների 90 տոկոսը պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---