Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը մասնակցել է Պիկադիլի հրապարակում բաց երկնքի տակ համերգին

Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը մասնակցել է  Պիկադիլի հրապարակում  բաց երկնքի տակ համերգին

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը մասնակցել է Samsung World Choir կողմից Լոնդոնում կազմակերպված միջոցառմանը՝ շարունակական համերգին բաց երկնքի տակ:

Միջոցառումը Անգլիայում մեծ արձագանքի է արժանացել, քանի որ 24 օր շարունակ՝ մինչև Սուրբ Ծննդյան տոները, ամեն երեկո Լոնդոնի սրտում՝ Պիկադիլի հրապարակում (Piccadilly Circus), տարբեր երգչախմբեր ելույթներով հանդես են գալու Լոնդոնի երաժշտասեր հանրության, ինչպես նաև զբոսաշրջիկների առջև:

«Կոմիտաս» երգչախումբը (նախագահ՝ Վ. Ուզունյան, խմբավար և գեղ. ղեկավար՝ Ս. Օլահ) հանդես է եկել ծրագրի առաջին իսկ օրը՝ բացելով համերգը: Երգչախումբը ներկայացրել է հայ դասական երաժշտությունը. կատարվել են Ա. Դոլուխանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ս. Լուսիկյանի, Ա. Աճեմյանի, Ս. Շաքարյանի, Է. Հովհաննիսյանի ստեղծագործությունները:

Կազմակերպիչների կողմից համերգի վայրը պատահական չէր ընտրված. Պիկադիլի հրապարակը հանդիսանում է Լոնդոնի ամենակարևոր և ամենամարդաշատ տեսարժան վայրերից մեկը, ուր ամեն ժամ հազարավոր այցելուներ են լինում: 6 մետր բարձրություն ունեցող բեմը, որի վրա կանգնած ելույթ են ունենում երգչախմբերը, տեղադրված է Էրոսի արձանի շուրջ:

32 անդամից բաղկացած քառաձայն «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013թ. հայ երիտասարդ տենոր և խմբավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող Սիփան Օլահի և Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար, Երևանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանակիր Վարդան Ուզունյանի նախաձեռնությամբ: Նորաստեղծ «Կոմիտաս»-ն արդեն բազմաթիվ հաջող ելույթներով հանդես է եկել Անգլիայում և Ուելսում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---