9 դեկտեմբերի 2016 - 18:48 AMT
Լավրով. ԼՂ հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական հավաքի արդյունքներով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա:

Նրա խոսքով՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները վերաբերում են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը: Նա տեղեկացրել է, որ այդ թիվն ավելացել է ընդամենը 7-ով, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aysor.am-ը:

«Այդ համաձայնությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿ-ի որոշումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսեսուս: Դիտորդների թվի ավելացման հարցի հետ կապված կոնսեսուս կա, սակայն, թե որտեղ պետք է տեղակայվեն, կոնսեսուս դեռ չկա: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ի երեկոյան Համբուրգում հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով: