Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այս պահի դրությամբ շփման գոտու ամբողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 800 կրակոց:
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (2 արկ) և հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր: