Նախագահի նստավայրում դեկտեմբերի 21-ին կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես ստորագրվել են՝ «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին»:
Ստորագրվել են նաև «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԻԻՀ կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն:
Հայաստանի և Իրանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
«Հայաստանը, համոզված եմ՝ նաև Իրանը շահագրգռված են անելու առավելագույնը ավանդական հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: Դրա վկայությունն է անկախությունից ի վեր Իրանի հետ մեր հարաբերությունների բարձր մակարդակը, համատեղ ծրագրերը, աշխույժ փոխայցերը: Այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն», - մասնավորապես ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով, ՀՀ և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձ է եղել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը:
«Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար:
Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ և կարևորեցինք համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ», - ներկայացրել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, շարունակվում են աշխատանքները երկու երկրի տնտեսավարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ:
«Մեր հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին: Մտքեր ենք փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ դրանք Իրանի աշխատասեր և ստեղծագործ ժողովուրդի առջև զարգացման նոր հորիզոններ կբացեն՝ նոր խթան հանդիսանալով ինչպես մեր երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային առավել լայն փոխգործակցության աշխուժացման համար:
Քննարկեցինք իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում, հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը», - ասել ՝ Սարգսյանը:
Նա հավելել է. «Իմ հարգարժան գործընկերոջը ինչպես միշտ, այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները:
Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը»:
Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրի հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։
Կարդացեք նաև՝ Ռոուհանի. Ուզում ենք զարգացնել ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները