ԵՏՄ երկրների նախագահները ստորագրել են միության Մաքսային օրենսգրքի նոր տարբերակը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ղրղստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Բոլոր ներկաները ստորագրել են բոլոր փաստաթղթերը, բացի երկուսից: Օրակարգի առաջին հարցը՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, ստորագրել է երեք երկիր, Ղրղստանը չի ստորագրել: Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն է: Երեք երկիր ստորագրել է, Ղրղստանը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Սարգսյանը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aravot.am-ը:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը կփոխարինի Մաքսային միության Մաքսային օրենսդրությանը, որն ընդունվել էր 2009-ին:
Փաստաթուղթն անհրաժեշտ հիմքերը կդնի ԵՏՄ շրջանակում միասնական մաքսային կանոններին անցնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կանոնակարգի համաձայն նիստը վարել է կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօրվա նիստին չէր մասնակցում:
Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները քննարկել են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին: