ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ:
«ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը»,- նշել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Կարդացեք նաև՝ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանին դիվերսիոն փորձի հարցով