Հայաստանի ԱԳ նախարարությունը խստագույնս դատապարտել է դեկտեմբերի 29-ին Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:
«Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը:
Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը։
Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին »,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: