20 հուլիսի 2007 - 00:33 AMT
Աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա
ԼՂՀ նախագահական ընտրութունները համապատասխանում էին ԼՂՀ Ընտրական օրենսգրքին, եւ արձանագրված աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Դոնեցկի քաղաքային խորհրդի պատվիրակության ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Նրա խոսքերով, դիտորդական առաքելությունն իրականացնելու ընթացքում թեկնածուների վստահված անձանց եւ ընտրողների կողմից բողոքներ չեն ստացվել: Ինչպես նշել է Բոգաչովը, աննշան խախտումների փաստերից են, երբ ոչ բոլոր ընտրատեղամասերում էին հանված թեկնածուների քարոզչական պաստառները, ԸՀ-ի ոչ բոլոր անդամներն էին տեղյակ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Նրա խոսքերով, նրա ղեկավարած առաքելությունը Մերձդնեստրի ընտրություններին հետեւելու փորձ ունի: «Կազմակերպվածության մակարդակը Լեռնային Ղարաբաղում Մերձդնեստրից բարձր է»,- նշել է նա` միեւնույն ժամանակ հավելելով, որ ղարաբաղցի ընտրողների ակտիվությունը Մերձդնեստրից պակաս է, հայտնում է Regnum-ը: