WikiLeaks-ը կասկածելի է համարում Մոսկվայի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա կապերի մասին տվյալները: Այդ մասին ասվում է հունվարի 11-ին Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Թրամփի մասին PDF ձևաչափով 35-էջանոց փաստաթուղթը, որը հրապարակել է BuzzFeed պորտալը, հետախուզական զեկույց չէ: Ոճը, փաստերն ու ամսաթվերը վստահություն չեն ներշնչում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
WikiLeaks-ում նյութերի տարածումն «ակնհայտ կեղծիք» են անվանել, գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ ամերիկյան BuzzFeed պորտալը փաստաթուղթ էր հրապարակել, որը ներկայացվում է որպես ամերիկյան հետախուզության զեկույց: Տեքստում ասվում է, որ ՀԴԲ-ն շանտաժի է ենթարկել Թրամփին 2013-ին Մոսկվա այցելության ժամանակ նրա դեմ հավաքած վարկաբեկիչ նյութերի միջոցով, մասնավորապես, խոսքը մարմնավաճառուհիների հետ նրա հանդիպումների մասին է:
Հունվարի 6-ին հետախուզությունը զեկույց է ներկայացրել Թրամփին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Փաստաթղթի մի մասը հրապարակվել է:ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմի ապագա ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը համաձայն է ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացությունների հետ կիբերհարձակումներին վերաբերյալ: Ըստ նրա, Սպիտակ տան նոր ղեկավարը համամիտ է ԱՄՆ հետախուզական ծառայության այն եզրակացություններին, որ Մոսկվան կիբերգրոհներ է ձեռնարկել ԱՄՆ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով: Ինչպես հայտարարել է Պրիբուսը Fox News-ի եթերում, Թրամփը ճանաչում է Ռուսաստանի որոշակի դերը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դեմ հաքերային հարձակումներում:
Զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է: