Զոհրաբյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին. Մարդասիրությունը չի կարող ընտրովի լինել

Զոհրաբյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին.  Մարդասիրությունը չի կարող ընտրովի լինել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի նրա մեկնաբանությանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը»,- մասնավորապես ասվում էր հայտարարության մեջ:

«Դուք մշտապես աչքի եք ընկել Ձեր անկողմնակալ և հավասարակշիռ հայտարարություններով, ուստի մեզ համար առնվազն տարակուսելի էր Ձեր վերջին հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցավալի միջադեպի առնչությամբ։

Ես հասկանում եմ, որ Ձեր հայտարարության հիմնական ուղեցոիյցը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հավասարակշիռ և խիստ կողմնակալ հայտարարությունը, սակայն, հարգարժան գլխավոր քարտուղար, ես չէ, որ Ձեզ պետք է ասեմ, որ մարդասիրությունը չի կարող ընտրովի լինել և մարդասիրությունն իրավունք չունի քաղաքական գունավորում ունենալ», - ասել է Զոհրաբյանը։

Նա հավելել է. «Ես կհասկանայի Ձեզ, եթե դուք նույնպիսի ջանասիրությամբ ժամանակին հստակ գնահատական տայիք Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին՝ դիվերսիաներին, անթույլատրելի զինատեսակների կիրառմանը, զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգումներին և դիակների պղծումներին, եթե Դուք կոչ անեիք Ադրբեջանին հարգել միջազգային պարտավորությունները և եթե Դուք դատապարտեիք այն, ինչ արեց Ադրբեջանը ապրիլյան վերջին պատերազմի ժամանակ՝ գլխատելով և անարգելով հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, սպանելով երեխաներին։ Բոլոր այդ փաստերը ժամանակին Ձեզ տրամադրվել են։ Սակայն, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը և թե՛ Դուք զարմանալիորեն չհիշեցիք մարդասիության և միջազգային իրավունքի մասին, ինչը առնվազն տարակուսելի է, եթե չասեմ՝ խիստ դատապարտելի»։

Զոհրաբյանը նշել է, որ Յագլանդի խոսքով, նա իրեն չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մասնագետ։ «Ուստի, Ձեր փորձառությունն ունեցող գործիչը, իմ վստահ համոզմամբ, պետք է ոչ թե աներկբա հիմնվեր Մինսկի խմբի ոչ հավասարակշիռ հայտարարության վրա, այլ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու զգայունությունը, առավել մանրամասն տեղեկանար խնդրին։ Իսկ փաստն այն է, որ սահմանային վերջին միջադեպը Ադրբեջանի հերթական դիվերսիան էր և Ձեր մատնանշած զինվորը չեզոքացվեք է Հայաստանի տարածքում՝ դիվերսիոն գործողություն իրականացնելու ժամանակ։

Ես ցավում եմ, որ մեր բոլորի կողմից մեծագույն հարգանք վայելող ԵԽ գլխավոր քարտուղարը ուղղակի երկրորդել է Մինսկի խմբի անընդունելի հայտարարությանը, դրանով վնաս հասցնելով ոչ միայն իր բարի համբավին, այլ նաև բանակցային գործընթացին։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստ է հունվարյան նստաշրջանի ժամանակ հանդիպել Ձեզ հետ և ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես այն կա՝ մարդասիրության և միջազգային նորմերի տիրույթում»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---