ԿՀՎ զեկույցներ. ԱՍԱԼԱ-ի գործողություններն աշխարհում ամենամահաբերն էին նման խմբերի հարձակումներից

ԿՀՎ զեկույցներ. ԱՍԱԼԱ-ի գործողություններն աշխարհում ամենամահաբերն էին նման խմբերի հարձակումներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն նախկինում գաղտնի փաստաթուղթ, որոնք վերաբերում են Սառը պատերազմին, Վիետնամի ու Կորեայի պատերազմներին, տարբեր երկրներում հետախուզական գործողություններին ու հակահետախուզական աշխատանքին:

Բազմաթիվ փաստաթղթեր այս կամ այն կերպ վերաբերում են հայերին, Հայաստանին, սփյուռքին: Դրանցում մեծ տեղ են զբաղեցնում նաև ԱՍԱԼԱ-ի մասին զեկույցները:

«ԱՍԱԼԱ. Պահպանվող միջազգային վտանգ» փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ խմբավորումը պայքարում էր ԽՍՀՄ հայերի գաղթի դեմ: Խմբավորումն, օրինակ, պահանջում էր Իտալիայից փակել հայերի՝ դեպի ԽՍՀՄ գաղթին աջակցող գրասենյակները, իսկ 1979 հարձակում էր նախաձեռնել նման մի գրասենյակի վրա: Ավելի ուշ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի ԱՍԱԼԱ-ն դադարեցնում էր Իտալիայում գործողությունները՝ բացառությամբ թուրքական թիրախների դեմ հարվածների, իսկ Հռոմը փակում էր հայրենադարձությանն աջակցող գրասենյակները:

Որոշ տեղ է հատկացված ԱՍԱԼԱ-ի միջազգային կապերին: Նշվում է, որ կազմակերպությունը կապեր ունի պաղեստինյան խմբավորումների, բասկյան ԷՏԱ-ի, իտալական «Կարմիր բրիգադների», Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայի ղեկավարության հետ:

Մեկ այլ՝ 1981 թվականին պատրաստված «ԽՍՀՄ աջակցությունը միջազգային ահաբեկչությանն ու հեղափոխական բռնությանը» անունը կրող փաստաթղթում Մոսկվայի ու ԱՍԱԼԱ-ի կապի մասին ուղղակիորեն չի նշվում, սակայն գրված է, որ Մոսկվան ջանում էր կապեր ունենալ բոլոր գաղթական խմբերի հետ, որոնք ներկայացնում են ազգային փոքրամասնություններ: Նրանք օգնել են կամ կապեր են ունեցել Լիբանանում ու Արևելյան Եվրոպայում բազմաթիվ կազմակերպությունների հետ: ԱՍԱԼԱ-ն փաստաթղթում բնութագրվում է որպես «միջազգային ահաբեկչական խմբավորումներից առավել ակտիվը»: ԿՀՎ փորձագետները շեշտում են, որ, համաձայն 1980 թվականին եղած զեկույցների, ԱՍԱԼԱ-ն կապեր ուներ ԽՍՀՄ կողմից օժանդակվող պաղեստինյան խմբերի հետ:

Երկրորդ նշանակալի հայկական զինված խումբ է նշվում JCAG-ը (ՀՑԱՄ- Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ): Նշվում է, որ կազմակերպությունը կապեր չունի ոչ ԱՍԱԼԱ-ի, ոչ այլ խմբավորումների կամ պետությունների հետ: ԿՀՎ կարծիքով, ՀՑԱԳ-ը ստեղծվել է Դաշնակցության կողմից՝ մարքսիստական ԱՍԱԼԱ-ի աճող ժողովրդականությանը հակազդելու համար, նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՍԱԼԱ-ն ՀՅԴ-ից վանում է առավել ռադիկալ ու երիտասարդ հայերին (ԱՍԱԼԱ-ին էր անդամակցել անգամ ՀՅԴ-ական խոշոր ղեկավարներից մեկի որդին):

Երկու խմբերի հարաբերությունները ԿՀՎ-ն բնութագրում է որպես «մրցակցային»՝ նշելով, որ մի խմբի հաջող հարձակումը հաճախ ստիպում էր մյուսին նոր գործողություն ձեռնարկել՝ հետ չմնալու համար:

Նշվում է նաև, որ ի տարբերություն ԱՍԱԼԱ-ի, ՀՑԱՄ-ի մասնակիցները հիմնականում գործողությունների են մասնակցում ընդամենը 1 անգամ՝ հազվադեպ ներգրավվելով երկրորդ կամ երրորդ հարձակմանը:

ԿՀՎ զեկույցների համաձայն, ԱՍԱԼԱ-ն ու այլ հայկական զինված խմբերը բարդ հարաբերություններ ունեին. ԱՍԱԼԱ-ն անգամ մերժել էր բոլոր այլ խմբերի աջակցությունը, քանի որ դրանք, իրենց հերթին, դեմ էին ոչ-թուրքական թիրախների վրա հարձակվելու մարտավարությանը: 1983 թվականին ԱՍԱԼԱ-ից այդ մարտավարությունը մերժելու պատճառով անջատվեցին մի խումբ մարտիկներ, որոնք հայտարարեցին, որ հարձակվելու են բացառապես «ռազմական թիրախների» վրա՝ նկատի ունենալով նաև թուրքական դիվանագիտական ու այլ պետական կառույցները, սակայն ոչ քաղաքացիականներին:

Փաստաթղթերի թվում է նաև 1985 թվականին եթեր հեռարձակված PBS Newshour հաղորդման սղագրությունը: Փորձագետ Փիթեր Շանաքերը, մասնավորապես, նշել է, որ ԱՍԱԼԱ-ն առավել վտանգավոր խմբավորումներից մեկն է. եթե աշխարհում տեղի ունեցող ահաբեկչություններից զոհերով էին ուղորդվում ընդամենը 14%-ը, ապա ԱՍԱԼԱ-ի հարձակումների 87%-ն ուղեկցվել էին մարդկային կորուստներով:

1975-1983 թվականներին բոլոր հայկական զինված խմբերի կատարած 203 գործողություններից անհաջող էր ճանաչվել ընդամենը 14-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---