Մեդվեդևը՝ ԶԼՄ-ներին. ՀՀ հետ ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման մի շարք նախագծեր կան![]() 25 հունվարի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հետ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարությամբ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:Վարչապետեր Կարապետյանը և Մեդվեդևը հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր խոսքում նշել է. «Մեր հայ ընկերների հետ հանդիպումները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական: Հենց այդ տրամադրվածությունն է մեզ օգնում լուծել ամենատարբեր խնդիրներ, առավել ևս, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը չափվում է դարերով: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյուկտուրային, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում: 2016-ին այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է»: ՌԴ վարչապետը ևս մեկ հանգամանք է նշել. 2016-ին էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում: «Խոսելով գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ», - ասել է Մեդվեդևը: Նրա խոսքով, քննարկել են համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: «Այսօր ստորագրվեց Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, համագործակցության հուշագիր ՌԴ արդյունաբերության նախարարության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև: Դրանք նաև այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա կարելի է կառուցել տնտեսական համագործակցությունը մոտակա տարիների համար: Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Չնայած մեր երկրների միջև տնտեսական կապերը համընդգրկուն բնույթ ունեն և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջատար գործընկերը, այնուամենայնիվ, կա ոլորտ կամ նշաձող, որտեղ այդ համագործակցությունը կարելի է զարգացնել գործնականում զրոյից: Դա շատ կարևոր է մեր հարաբերությունների ապագայի համար», - հավելեց ՌԴ վարչապետը: Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել են կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ: «Սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե ինչպես պետք է ընթանան ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները: Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի ստորագրմանը, ես կարծում եմ որ դա ուժեղ թափ կհաղորդի մշակութային, հումանիտար հարաբերություններին: Հայաստանը, որպես տուրիստական գոտի, Ռուսաստանի քաղաքացիների համար թերագնահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային նոր փոփոխություններ տուրիզմի ոլորտում՝ դրական առումով», - ասել է ՀՀ վարչապետը: Կարդացեք նաև՝ Վարչապետը՝ ՌԴ հայ համայնքին. ՀՀ-ում աշխատող ու մտածող մարդու համար արդար և թափանցիկ պայմաններ կստեղծվեն ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |