Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանը կվերակառուցվի ամերիկահայ բարերարի օգնությամբ![]() 25 հունվարի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին մշակույթի նախարարությունում Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, հայտնում է Panorama.am-ը։ Թեև «Հովհաննես Թումանյան-150» հոբելյանական տարին 2019 է, բայց հոբելյանական միջոցառումներին մեկնարկը տրված է: Ըստ համաձայնագրի, ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերարի կողմից հատկվող 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան։ Թանգարանի տարածքում հատված ծառերի բներով քանդակագործները կստեղծեն թումանյանական հետաքրքիր կերպարներ: «Նախատեսում էինք ծրագիրն իրականացնել դեռ 2016-ին: Սակայն խանգարեց շատ ցուրտ ձմեռը: Բացի այդ մենք փորձում էինք գտնել աջակիցներ, ընկեր, կազմակերպություններ, ովքեր կօգնեին իրականացնելու այդ ծրագիրը»,- նախքան համաձայնագրի ստորագրումն ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա ասել է, որ օդանավում հանդիպել է Աշոտ Տիգրանյանին, որի հետ մոտ հինգ ժամ խոսել են Հայաստանի մշակութային կյանքի, իրադարձությունների, ծրագրերի մասին: «Հետաքրքիրն այն էր, որ մաեստրո Աշոտ Տիգրանյանը միանգամից արձագանքեց մեր ծրագրերին և խոստացավ օգնել Դսեղի թանգարանի ենթակառուցվածքները ստեղծելու հարցում: Օգնել՝ ողղակիորեն ֆինանսավորել»,- հավելել է նախարարը: Նրա խոսքով, հենց բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, կսկսվի ծրագրի իրականացումը: Աշոտ Տիգրանյանն իր հերթին ասել է, որ օդանավում հանդիպումը շատ հետաքրքիր էր, այդ ընթացքում նախարարը ծանոթացրել է այս նախագծին: «Երեք տասնամյակ ԱՄՆ ապրելուց հետո՝ ես առաջին անգամ այցելեցի Հայաստան: Շատ հուզիչ էր, գեղեցիկ պահեր ապրեցի: Ծնվել եմ Երևանում՝ Մոսկովյան փողոցի վրա, Հովհաննես Թումանյանի թանգարանի դիմաց: Վերջերս եղել եմ Դսեղում և ինքս տեսել, որ անպայման պետք է նման ծրագիր իրականացվի: Իմ երազներից մեկը իրականացավ: Մեծ հաճույքով ու պարծանքով կկատարեմ իմ խոստումը»,- նշել է նա: Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, խոսելով թանգարանի մասնաճյուղների մասին, ասել է, որ դրանք հայտնի են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլ նաև անվերջանալի խնդիրներով, մասնավորապես ենթակառուցվածքների: Ամիրյանը նշել է, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, ոչ շատ մեծ կարողությունների տեր մարդ, բայց սրտով և հոգով արձագանքեց. «Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ և տարածական է լինելու, տարածվելու է այլ հայրենակիցների մտքերում, որ, այո, կարելի է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ արդյունք»: Նախարարը նաև տեղեկացրել է, որ «Թումանյան-150» ծրագրի շրջանակներում նախատեսել են տարբեր մրցույթներ, փառատոներ, հրատարակվելու են գրքեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |