Հունվարի 26-ի ցերեկը Հայաստանի տարածքում ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունվարի 27-ի լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի»,- նշել է Սուրենյանը:
Միևնույն ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան և Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: