«Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը. KFW բանկը կապահովի փորձագետների ներգրավումը

«Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը. KFW բանկը կապահովի փորձագետների ներգրավումը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը և նրանց հետ քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Հանդիպման նպատակն էր քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է նշել, որ նախորդ տարի Հայաստան այցելած KFW բանկի առաքելությունն իրականացրել է ծրագրի դրական գնահատում, և նախարարին խնդրել է ներկայացնել վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:

Նախարար Լոքյանն ընդգծել է, որ փաստաթղթի ընդունմանը նախորդել է ակտիվ քննարկումների փուլ բնապահպանական կառույցների, մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ հետ: Փաստաթղթի մշակման գործում նախարարը կարևորել է նաև եվրոպացի փորձագետների խորհրդատվությունն ու տեխնիկական օժանդակությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վանաձորում աղբահանության ծրագրի իրականացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցը: Բանկը պատրաստակամություն է հայտնել ծրագրի իրականացման և տեխնիկական աջակցության համար ապահովել փորձագետների ներգրավումը:

Աղբի կառավարման ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն կունենա թե Վանաձորի, թե հարակից համայնքների բնակչության համար` լուծելով հրատապ դարձած աղբահանության խնդիրը: Հաջող իրականացման դեպքում` ծրագիրը կարող է նաև օրինակելի մոդել դառնալ հանրապետության մի շարք այլ համայնքներում աղբահանության արդյունավետ կազմակերպման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---