Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ։ Այս մասին հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, հաղորդում է Իրանի ՊՆ տեղեկատվության և քարոզչության վարչությունը։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, գոհունակություն հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, ասել է.
«Իրանը, ունենալով 15 հարևան, մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել»:
Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանն այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր գործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը․
«Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել գործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա գործակցությանը»,- գրում է Panorama.am-ը:
Վիգեն Սարգսյանը, ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։