Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու առաջարկներն անհիմն են

Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու առաջարկներն անհիմն են

PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է հայ խորհրդարանականների առաջարկին` բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու համար Բելառուսին ՀԱՊԿ-ից հեռացնելու վերաբերյալ: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտարարել է, որ Բելառուսին ՀԱՊԿ-ից հեռացնելու առաջարկները «զուրկ են իրավաբանական հիմքից»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, փետրվարի 8-ին հայտարարել է, որ պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Նրա առաջարկին սատարել է միանգամից մի քանի պատգամավոր, որոնք նշել են, որ Բելառուսի նման վարքագիծը որպես ՀԱՊԿ անդամի վնասում է անվտանգությանը:

«ՀԱՊԿ-ին մասնակցել կամ չմասնակցելը կամավոր բնույթ է կրում և ինքնիշխան ընտրություն է: Բելառուսն իր ընտրությունը կատարել է: ՀԱՊԿ-ից հեռացնելու վերաբերյալ առաջարկները զուրկ են իրավաբանական հիմքից»,-ասել է Միրոնչիկը լրագրողներին` մեկնաբանելով հայ խորհրդարանականների առաջարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ընթերցեք նաև. «Ելք» դաշինք. ՀՀ-ն պետք է հետ կանչի Բելառուսում իր դեսպանին

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---