9 փետրվարի 2017 - 16:36 AMT
Ադրբեջանում 2018-ին կարող են սկսել Ան-178 ինքնաթիռներ հավաքել

Ան-178 տրանսպորտային ինքնաթիռների հավաքումն Ադրբեջանում կարող է սկսվել 2-3 տարվա ընթացքում: Մոտավորապես, դա կարող է տեղի ունենալ 2018-2019թթ.: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, հայտնում է comments.ua-ն:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինան և Ադրբեջանը պայմանագիր են կնքել Ան-178 մոդելի 10 միավոր ինքնաթիռի արտադրության վերաբերյալ:

«Մենք 2 ինքնաթիռ ենք պատրաստում վաճառքի համար, մյուս 8-ն արդեն կհավաքվեն Ադրբեջանում: Առաջիկա 3-4 տարում Ադրբեջանում պետք է սկսի գործել ինքնաթիռների հավաքման ցիկլը»,-ասել է դիվանագետը: Ըստ նրա, «Ադրբեջանական ավիաուղիներն» (AZAL) արդեն մոդուլներ են կառուցում և տարածքներ, որտեղ իրականացվելու է գործընթացը:

2016-ի հունիսի սկզբին ադրբեջանական ավիաընկերության ղեկավարը 10 Ան-178 ինքնաթիռի գնման պայմանագիր կնքեց ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ: Պայմանագրի գումարը գաղտնի է պահվում: Հայտնի է, որ առաջին կանխավճարն արդեն փոխանցվել է` այդ գումարը ևս չի հրապարակվում: Ադրբեջանը ինքնաթիռները կստանա 2 տարում` սկզբից 2-ը, իսկ հետո 8-ը, որոնք, հնարավոր է, հավաքեն արդեն Ադրբեջանի տարածքում:

Ան-178-ն արդեն ավելի քան 100 թռիչք է կատարել` 160 ժամ ընդհանուր տևողությամբ: Ցամաքային փորձարկումներն անցկացվել են 3 բանակային HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle) М1097А2 ամենագնացների մասնակցությամբ: