Լապշինին կարող են պաշտպանել միայն Ադրբեջանի փաստաբանները

Լապշինին կարող են պաշտպանել միայն Ադրբեջանի փաստաբանները

PanARMENIAN.Net - Փաստաբան Սաֆար Հուսեյնովը Բաքվում հանդիպել է Մինսկից Ադրբեջան արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին հայտնել է ինքը փաստաբանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ըստ փաստաբանի, հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի №1 քննչական մեկուսարանում: Լապշինն ասել է, որ պայմանների առումով բողոք չունի, ինքնազգացողությունը նորմալ է:

Հուսեյնովը հայտարարել է նաև, որ ըստ գործող օրենսդրության, նրան կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի փաստաբանները: «Փաստաբանները, որոնք այլ պետության քաղաքացիություն ունեն, չունեն այդպիսի իրավունք»,-ասել է նա:

Հուսեյնովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մասնակիորեն ճանաչում է իր մեղքը: Ըստ փաստաբանի, Լապշինը հաստատել է, որ բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ, սակայն, վստահեցրել է, թե չի իմացել, որ իր «գործողություններն անօրինական են»: Հուսյենովը ասել է նաև, որ Լապշինը զղջում է իր արարքի համար:

Փաստաբանը հայտնել է, որ քրեական գործով քննությունը շարունակվում է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի դատը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. Ադրբեջանը կորցրել է հավասարակշռությունը՝ նյարդերը տեղի են տվել

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---