9 փետրվարի 2017 - 17:05 AMT
Երևանում չինարենի ուսուցմամբ դպրոց կկառուցվի

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի համար 1.2 մլրդ դրամ կհատկացվի: Դպրոցի կառուցման համար հայկական կողմի պարտականությունների կատարման պահանջներից ելնելով` կառավարության նիստում որոշվել է գումարը հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

Երևանում չինական դպրոցի կառուցման մասին որոշումն ընդունվել էր 2014-ի հոկտեմբերին: Շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը: Դպրոցի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների միջև 2010-ին կայացած հանդիպման ժամանակ:

Դպրոցի շինարարությունն իրականացվելու է Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին օգտագործման իրավունքով հանձնված 1.45028 հա տարածքում: ՀՀ կառավարությունը պարտավորվել է իրականացնել նշված տարածքում գտնվող շենք շինությունների քանդման, տարածքի մաքրման և հարդարման աշխատանքների կատարումը, ինչպես նաև շինարարական տարածքում էլեկտրաէներգիայով, ջրով, կապի և էլեկտրահաղորդման գծերի անցկացման ապահովումը:

Համաձայնություն է ձեռք բերվել նաև ազատելու չինացի մասնագետների կողմից ներմուծվող շինարարական տեխնիկայի, նյութերի, սարքավորումների, կահույքի և այլ անհրաժեշտ կենցաղային իրերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերից և այլ հարկերից ու տուրքերից , ինչպես նաև տրամադրելու չինացի մասնագետներին մուտքի և ելքի, կացության և աշխատանքի իրավունքի փաստաթղթեր: