14 փետրվարի 2017 - 18:07 AMT
Դեղատների, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորումը պարզեցվել է

Դեղատների, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման գործընթացն այսուհետև ավելի պարզ և հստակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ՀՀ կառավարության կողմից լիցենզավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին ընդունված որոշումը հիմնականում միտված է հանրապետությունում մատուցվող դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերի հստակեցմանը և ՀՀ մարզերում, մասնավորապես` սահմանամերձ գյուղական համայնքներում, բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը:

Կրճատվել է լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը, հանվել է գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենի ներկայացման պարտադիր պահանջը։

Հստակեցվել և տարանջատվել են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերը` լիցենզավորման, վայրի փոփոխման, ինչպես նաև այլ վայրում լիցենազավորման:

Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։

Հանվել են դեղատների` դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողնման բաժին, դեղերի ստերիլիզացման և ասիստենտական առանձին սենյակներ ունենալու պարտադիր պահանջները` դրանք ընդհանրացնելով մեկ սենյակում։

Միաժամանակ, հստակեցվել են կանաչ խաչի նշանի լուսավորության ռեժիմը և տեղադրման ձևը` համաձայն ստանդարտների: