25 փետրվարի 2017 - 13:46 AMT
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները

Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա գրել է նաև, որ «Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ շփման գծում, ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»:

Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: