Երևանում մեկնարկում է Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլը![]() 25 փետրվարի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին՝ ժամը 14:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կկայանա Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը: Մրցույթը նախատեսված է երկու տարիքային խմբի` մինչև 13 և 13-18 տարեկանների համար և անցկացվում է 4 փուլով: Մրցանակային ֆոնդը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար, նախատեսվում են բազմաթիվ համերգներ աշխարհահռչակ նվագախմբերի հետ և մենահամերգներ՝ աշխարհի լավագույն բեմերում: Եզրափակիչ փուլը կանցկացվի Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ գործող Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Մրցութային հանձնաժողովի կազմում են` Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), Տոմաս Բեկդորֆը (Չիլի), Ջուզեպե Անդոլորոն (Իտալիա), Ալեքսանդր Մուտուզկինը (ԱՄՆ), Կատյա Սկանավին (Ռուսաստան), Միխայիլ Շալամովը (Գերմանիա): Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի 1–ին փուլը կայացել է 2016 թվականի նոյեմբերի 1-15-ը. այս փուլում մասնակիցները ընտրվել են ձայնագրությունների միջոցով: Մրցույթի 2-րդ ընտրական փուլը, որը կենդանի լսումների ձևաչափով է, անցկացվում է 2017 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը, 7 քաղաքներում` Մոսկվա, Սանկտ–Պետերբուրգ, Տոկիո, Միլան, Պեկին, Նյու–Յորք, Երևան: Մրցույթի 3-րդ և 4–րդ փուլերը կանցկացվեն 2017-ի մարտի 27-31-ը, Մոսկվայում` Երաժշտության տան մեծ դահլիճում: Երևանյան փուլի լսումներին կմասնակցեն 9-ը պատանի դաշնակահար. Հայաստանից` 6-ը, Ռուսաստանից` 2-ը, Վրաստանից` 1-ը: Երևանյան փուլի հանձնաժողովի կազմում ընդգրկված են` մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), անվանի դաշնակահար, ՌԴ Ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան) և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյան (Հայաստան): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |