ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
Փետրվարի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի կասեցման ընթացքում սպանված դիվերսանտների մարմինների տարհանման գործընթացը ժամանակին չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
Տարհանումը պիտի տեղի ունենար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: