Սարգսյան-Տուսկ. ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրով բանակցություններն ավարտվել են

Սարգսյան-Տուսկ. ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրով բանակցություններն ավարտվել են

PanARMENIAN.Net - Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։ Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Սարգսյանը և Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում», - հայտնել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ քննարկվել է նաև Հայաստան–Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։

«Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը», - ասել է նախագահը:

Անդրադառնալով ԼՂՀ խնդրին, Սարգսյանը հայտնել է, որ զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և վերահաստատել, որ այն չունի ռազմական լուծում:

«Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:

Սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար», - ասել է նախագահը:

Նրա խոսքով, Եվրամիությունը հարևանների միջև խնդիրները միասնաբար հաղթահարելու ու դրա հիմքի վրա հաջողություն կառուցելու պատմություն է:

Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը նախատեսվում է կնքել 2017-ին: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունը Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---