ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը![]() 6 մարտի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը, որով մասնավորապես առաջարկվում է. - Ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև: - Հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրավունքը: - Բացառել, որ աշխատող մարդը չկարողանա իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նույնիսկ տարրական կարիքները: Ծրագրում նշվում է, որ երբեմն առաջարկվող վարձատրությունն այնքան ցածր է, որ աշխատունակ և ինքնասիրություն ունեցող մարդը գերադասում է նպաստը, այլ ոչ թե ազնիվ աշխատանքը: Աշխատանքը պետք է ապահովի մարդու արժանապատիվ կյանքը, ոչ թե գոյությունը: Աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից: Աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի իրավունքը, կրթության իրավունքը, առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը, մշակութային և հոգևոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքը: - Կանխել կյանքի դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն կամ ինչ-ինչ պատճառներով աշխատանք չունեն, լուսանցք մղվելը: Պետությունն ակտիվ քաղաքականություն պետք է իրականացնի աշխատաշուկա նրանց մուտքն ապահովելու համար և պաշտպանի աշխատողների իրավունքները: - Երաշխավորել տարեցների բարեկեցիկ ծերությունը: Անթույլատրելի է, որ ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին հայտնվի աղքատության մեջ: - Ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որևէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: Որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի: - Արտագաղթը կանխելու նպատակով՝ ստեղծել հնարավորություններ, որ հայոց բանակում ծառայած, իր կյանքը հանուն անկախության ու ժողովրդի բարօրությանը վտանգած յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքները: - Օգնել ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը: - Նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը: Սոցիալ-տնտեսական, բնակարանային, ցածր զբաղվածության և այլ պատճառներով ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին: - Ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, հյուծումը, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովի բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանից ստացվող եկամուտների բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև։ - Բնական ռեսուրսները՝ հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականություն են։ Այս բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար է։ Մինչդեռ դրանց անխնա ու չհամակարգված շահագործումը ոչ միայն բավարար չափով չի նպաստում քաղաքացիների բարեկեցության աճին, այլև խնդիրներ է հարուցում ներկայի և ապագայի առումով։ - Ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր, ընդլայնել ամբարվող ռազմավարական ջրային պաշարները։ - Վարել ակտիվ հայրենադարձման քաղաքականություն, նպաստել, որ հայրենիքից հեռացած մեր համաքաղաքացիները և սփյուռքահայերը վերադառնան իրենց երկիր՝ քանի դեռ նրանց սերունդները չեն ուծացվել ու չեն դադարել հայ լինելուց: Հայրենիքից հեռացածները և տարիներ ի վեր հայկական Սփյուռքում հանգրվանածները այլ երկրների տնտեսական, գիտական, մշակութային, մարզական էլիտայի մաս են: Հայրենադարձության բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ այդ ներուժն ու կարողությունը կծառայեն մեր բոլորի հայրենիքին: Ծրագրում նշվում է, որ պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Հանրային ծառայությունը (ներառյալ քաղաքացիական ու համայնքային ծառայությունը) պատիվ է, որին պետք է արժանանան միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք: Պետական չինովնիկը, ով կոչված է ծառայելու քաղաքացուն, երբեք չպետք է իրավունք ունենա քաղաքացու հետ խոսել վերևից, ամբարտավան տիրոջ կեցվածքով: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր արածի ու չարածի համար և երբեք փորձ չանի իր պաշտոնական դիրքն օգտագործել անձնական շահի նպատակով: Որևէ պարագայում պետք է բացառվի շահերի բախումը: Միայն այս դեպքում հանրային ծառայությունը, որը պետք է արժանապատիվ վարձատրվի, հրապուրիչ կլինի նվիրված ու բանիմաց կադրերի համար: Անվտանգության, արտաքին քաղաքականության հետ կապված, ՀՅԴ ծրագրում ընդգծվում է, որ հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: «Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է: Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման», - մասնավորապես ասված է ծրագրում: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Կարդացեք նաև՝ Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում Նախագահ. Օրենքի տառին համապատասխանող ընտրությունները կլինեն բոլորիս հաղթանակը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |