Օլանդը՝ ԼՂ հիմնախնդրի մասին. Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն

Օլանդը՝ ԼՂ հիմնախնդրի մասին. Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն

PanARMENIAN.Net - Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: Այս մասին, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 8-ի երեկոյան Ելիսեյան պալատում տրված պաշտոնական ընդունելությանը:

Օլանդը նշել է, թե 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու: Նա շեշտել է՝ խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար «մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են:

Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը»,- ասել է նա:

Օլանդն իր խոսքում նշել է, թե իր համար պարտականություն և պատիվ էր Երևանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը. «Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ:

Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետևանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնարավոր:

Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ և հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը:

Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը»:

ՀՀ նախագահն էլ իր հերթին նշել է, թե Ֆրանսիան Հայաստանի անկախության վերականգնման հենց առաջին պահից կանգնեց երիտասարդ պետության կողքին և այդ օրից անվերապահ աջակցում է երկրի պետականաշինության առաջընթացին՝ լինելով նաև հուսալի գործընկեր եվրոպական և միջազգային հարթակներում։

«Նման բարեկամության ունակ է միայն այնպիսի պետությունը, որն առաջին հերթին հզոր է իր քննություն բռնած գաղափարներով, օրինակելի փորձով ու սեփական ձեռքբերումներով կիսվելու պատրաստակամությամբ։ Սա է մեզ համար ֆրանսիական ոգու յուրահատկությունը։

Եվ որքան Ֆրանսիան է Հայաստանի կողքին, նույնքան էլ Հայաստանն է սրտացավ Ֆրանսիայի համար։ Հայաստանում մեծ ցավ ապրեցինք, երբ ահաբեկչության ահասարսուռ հարվածը հասավ Փարիզ, Նիս ու Ֆրանսիայի այլ վայրեր՝ խաթարելով անմեղ մարդկանց, ողջ ֆրանսիական ժողովրդի բնականոն կյանքի ընթացքը։ Եղածը չես փոխի, բայց օրինակելի է այն տոկունությունը, որով Ֆրանսիայի իշխանություններն ու ժողովուրդը դիմակայեցին այդ սարսափելի փորձությանը»,- ասել է Սարգսյանը՝ շեշտելով, որ օրինակելի է նաև Ֆրանսիայի մոտեցումը հայ ժողովրդի վերապրած մեծագույն փորձության աներկբա դատապարտման հարցին։

«Ճշմարիտ է ասված՝ չես իմանա, թե որտեղից սփոփանք ու հույս կգա: Երբ ցեղասպանություն վերապրած հայը ոտք դրեց այս հեռավոր երկիր, ֆրանսիացի մեծ ժողովրդի շնորհիվ գտավ իր սփոփանքն ու հույսը։ Նա նորից տուն կառուցեց ու նորից արարեց։ Իզուր չէ, որ Ֆրանսիայի հայկական համայնքն աշխարհին ճանաչելի է ինտեգրվածության իր բարձր մակարդակով և միաժամանակ սեփական արմատներին, ազգային հարուստ մշակույթին ու ավանդույթներին հավատարիմ մնալու վառ օրինակով։ Այս երևույթը լավագույնս բանաձևել է մեր մեծանուն երգահան Շարլ Ազնավուրը՝ ասելով. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ»: Սա մեզ համար մեծ հպարտության աղբյուր է նաև զգացական առումով»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նախագահն ասել է, որ հայկական կողմի նպատակը խաղաղությունն է. «Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը»։

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-ի երեկոյան հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---