Մարտի 10-ին Երևանում տեղի է ունեցել Հալալ գրասենյակի բացման արարողությունը։ Բացմանը ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է «մաքուր արտադրանք»։
Նախարար Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ կկազմակերպի տնտեսվարողների համար։
Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրում։
Միջազգային գրասենյակը գործում է 2004-ից։
Աբդուլ Հոսեն Ֆախարին նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցի հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։