3 հոկտեմբերի 2007 - 14:00 AMT
Ռուսաստանում ստեղծվել է «Վշտի եւ հիշատակի» հուշարձանի մակետը` նվիրված Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյակին
Ռուսաստանում ստեղծվել է «Վշտի եւ հիշատակի» հուշարձանի մակետը` նվիրված Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյակին: Հուշարձանի մակետի հեղինակն է Լիպեցկից հայտնի նկարիչ, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Նիկոլայ Ռոգատնեւը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հուշարձանի մակետը կատարված է որպես եկեղեցու ուրվագիծ, որն ընդունում է հիշատակման մոմի կրակի ուրվագիծը, որոնք շրջանագծի մեջ են առնում լեռնային բյուրեղը, ինչը հիշեցնում է երկրաշարժի մասին եւ միաժամանակ տապանաքար է հանդիսանում: «Հուսով եմ, որ ինձ հաջողվեց արտահայտել իմ զգացմունքներն այս աշխատանքում: Մենք չպետք է մոռանանք այդ ահավոր ողբերգության մասին»,-ասել է Նիկոլայ Ռոգատնեւը:

Նիկոլայ Ռոգատնեւը Ռուսաստանում կանգնեցված Չերնոբիլի վթարի հետեւանքները չեզոքացնողներին, լոկալ հակամարտություններում զոհված ինտերնացիոնալիստ զինվորներին, ինչպես նաեւ ռուս ուղղափառ եկեղեցիների միավորմանը նվիրված մի քանի հուշարձանների հեղինակն է: Ն.Ռոգատնեւի վերջին աշխատանքներից մեկը «Բիթլզ» քառյակին նվիրված հուշարձանն է, որը 2007 թվականին կանգնեցվեց Լիվերպուլի «Բիթլզների պատմության» թանգարանում: Լիպեցկցի լրագրող, Ռուսաստանի լրագրողների միության անդամ Վալենտին Բայուկանսկին, որն առաջարկել էր Նիկոլայ Ռոգատնեւին ստեղծել «Վշտի եւ հիշատակի» հուշարձանը, իրավամբ կարող է հուշարձանի համահեղինակը համարվել:

Ընթացիկ տարվա դեկտեմբերին Նիկոլայ Ռոգատնեւը եւ Վալենտին Բայուկանսկին մտադիր են այդ հուշարձանի փոքր մակետը նվիրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008 թվականին հուսով են 3-5 մետր բարձրությամբ հուշարձանը կանգնեցնել երկրաշարժից տուժած քաղաքներից մեկում: Հուշարձանը կլինի մետաղից, քանի որ Նիկոլայ Ռոգատնեւը նկարիչ-մետաղագործ է եւ օդային մետաղի ձուլման մեթոդի հեղինակն է: Այդ նախագծի իրականացման համար մնում է միայն հովանավորներ գտնել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմից, ինչը կդառնա երկու ժողովրդների միջեւ դարավոր բարեկամության հաստատումը: