13 մարտի 2017 - 13:35 AMT
Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներն ուսման վարձի լրացուցիչ զեղչ կստանան

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20% զեղչից։

Հիմնադրամից հայտնում են, ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30% զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։

Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։

Ավելի վաղ հաղորդվել է, որ զորացրվածների զինգրքույկներում գրառումների հարցով պատասխանատվության ենթարկվածներ կան: